«Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» միջազգային խորհրդաժողովը Երևանում

Հոկտեմբերի 24-ին իր աշխատանքները սկսեց երեւանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը։ Այն կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ աջակցությամբ ՀՀ-ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունը:

Թեման՝ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»։

Խորհրդաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ներկաներին, առաջին հերթին հյուրերին՝ միջազգային կարեւոր այս խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու եւ Հայաստան ժամանելու համար։ Հատուկ շեշտեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի մասնակցությունը, եւ հանձնաժողովի մեծ դերը միջազգային մակարդակում սահմանադրական արդարադատության զարգացման գործում։ Վերջին տարիներին Վենետիկի հանձնաժողովի հետ մեկտեղ ՀՀ սահմանադրական դատարանի լավ բարեկամն ու աջակիցն է դարձել նաեւ Գերմանական GIZ կազմակերպության իրավական ծրագիրը, առանց որի անհնարին կլիներ նման շարունակական ընդգրկուն ու պատասխանատու խորհրդաժողովների գումարումը։

Այս խորհրդաժողովում մի նորամուծություն կա՝ ներկաների մասնակցությամբ կձեւավորվի վիրտուալ սահմանադրական դատարան, որը պիտի պատասխանի մեկ հարցի՝ «Ո՞րն է սահմանադրական մակարդակում մարդու արժանապատվության առավել խոր ու ամբողջական բանաձեւումը»։ Խորհրդաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսակետը կներկայացնի այդ հարցի հետ կապված եւ խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփելիս կընդունվի վիրտուալ սահմանադրական դատարանի «որոշումը»։

Խորհրդաժողովին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է՝ «Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ, շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։ …Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարեւորվում է՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարեւոր սահմանադրական բարեփոխումների։ Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն քննարկվել եւ հավանության է արժանացել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում եւ առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու»։

ՀՀ Նախագահի ուղերձում կարեւորվում են Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեցող մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը եւ դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը։

Մանրամասները՝ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ concourt.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել