«Անձանց վարչական պատասխանատվության ենթարկելիս կիրառում են ավելի վատթար՝ նախկին օրենքը»

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուչության հետ համատեղ պալատի դահլիճում քննարկում իրականացրեց` ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի նշանակելիս կիրառվող օրենսդրության վերաբերյալ:

Համաձայն ակումբի` ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի նշանակելիս չի կիրառվում 2014 թվականի հուլիսի 04-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-78 ՀՀ օրենքը, մինչև օրենքի ուժ մտնելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Անձանց վարչական պատասխանատվության ենթարկելիս կիրառում են ավելի վատթար՝ նախկին օրենքը, իսկ անձի իրավական վիճակը բարելավող, ՀՕ-78 ՀՀ օրենքը չեն կիրառում:

Պալատը նաև արձանագրեց, որ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները նոր օրենքը կիրառելու և սահմաված տուգանքի չափը փոփոխելու պահանջի մասին մերժվում է, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը բողոքների մերժմումը պատճառաբանում է` հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` «Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

Վարչական մարմինը պատճառաբանում է, մեջբերում` «2014 թվականի հուլիսի 04-ին ընդունված << Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին >> ՀՕ 78-ն ՀՀ օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ ակտի ուժ մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա: Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը 29.11.2011թ. ՍԴՕ 1000 որոշմամբ»:

Այսօրվա քննարկման արդյունքները ամփոփելով` ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը նշեց, որ առկա են երկու հակադիր կարծիքներ, ուստի հարկավոր է ընդլայնված քննարկում կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի պատգամավորների և շահագրգիռ այլ անձանց հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել