«Մեր թիրախն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են» . Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Զբաղվածության պետական գործակալության կազմում գործող 51 զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարների հետ: Խորհրդակցության հիմնական նպատակը վերջին մի քանի ամիսների ընթացքում տարածքային կենտրոններում իրականացվող զբաղվածության պետական կարգավորման  ակտիվ  ծրագրերի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն ու խնդիրների վերհանումն էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում նախարարը տարածքային կենտրոնների տնօրեններին հորդորեց խոսել ծրագրերի աշխատանքային  վիճակի, նոր քաղաքականության շրջանակներում ծրագրերի ընթացքի, առաջացած հարցերի  մասին, ինչը հնարավորություն կտա հասկանալ ծրագրերի իրականացման արդյունքում առաջացած խոչընդոտները և, ըստ այդմ, պլանավորել առաջիկա քայլերը զբաղվածության տարածքային կենտրոնների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բաց այդ նախարարը կարևորեց ոլորտում իրականացվող զբաղվածության ակտիվ 14 ծրագրերի վերաբերյալ շահառուների իրազեկության բարձրացումը և այդ առումով ակնկալեց նաև կենտրոնների տնօրենների ներգրավածությունը գործընթացի մեջ:

Նախարարը իր խոսքում նշեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում էապես բարձրացել է զբաղվածության ոլորտի դերն ու նշանակությունը և Զբաղվածության տարածքային կենտրոնները աշխատաշուկայում դարձել են  ակտիվ դերակատարներ:

«Մեր թիրախը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, մենք պետք է առաջին հերթին հենց իրենց օգտակար լինենք: Եթե ընտանիքում, որը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, կա անաշխատունակ անձ, ուրեմն նա կարող է օգտվել զբաղվածության պետական կարգավորման ծրագրերից: Մոտեցումը այս առումով պետք է հստակ լինի բոլորի համար»- դիմելով տարածքային կենտրոնների ղեկավարներին՝ նշեց նախարարը:

Զբաղվածության տարածքային կենտրոնների  տնօրեններն իրենց հերթին զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագրերի հետ կապված որոշ խնդիրներ ներկայացրին նախարարին, որոնք մասնավորապես վերաբերում էին մարզերում սեզոնային աշխատանքների բարդություններին, աշխատանքային չափորոշիչների, գործատուների հետ կապված խնդիրներին: Բարձրացված հարցերի վերաբերյալ հնչեցին նաև առաջարկություններ:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Աշխատանքի և զբաղվածության վարչության պետին, Զբաղվածության պետական գործակալության պետին՝ ակնկալելով, որ հաջորդ հանդիպմանը հնչեցված խնդիրներին ու հարցերին հստակ լուծումներ տրված կլինեն:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել