Հայաստանում առաջին անգամ կայացավ ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Երեւանում աշխատանքներն սկսած՝ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ընդգծելով, որ միգրացիոն գործընթացների կանոնակարգումը ՀՀ կառավարության գերակայություններից է՝ փոխվարչապետը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները:

“Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային, հատկապես՝ ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, որն արտահայտվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Մեր երկիրը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին: Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, եւ այս տարածքում ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված՝ մեզ համար միգրացիայի ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում”,- ընդգծեց փոխվարչապետը:Նա նշեց, որ երկկողմ հարաբերությունների առումով Հայաստանը հատկապես սերտորեն է համագործակցում Ռուսաստանի՝ որպես հայ միգրանտներին ընդունող հիմնական երկրի հետ:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստում ընդունվելիք որոշումները եւս դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման համար եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության համակարգմանը եւ առկա խնդիրների լուծմանը: Հայաստանում խորհրդի նիստն անցկացվում է առաջին անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել