Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ-ում

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը: Հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է տիկին Թեոխարուսի կենսագրությանը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա կողմից իրականացված մարդասիրական առաքելությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է: Այդուհանդերձ, խնդրի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից:

Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծվել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շարունակելու է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնել եւ խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական ձեւաչափը: Սա այն հարթակն է, որը տարիներ շարունակ ծառայել է քաղաքական խմբերի ներկայացուցիչների ազատ շփմանը եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի ազատ փոխանակմանը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, ինչպես 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հետագա վավերացումը Թուրքիայի իշխանությունները խայտառակ կերպով տապալեցին:

Զրույցի ընթացքում անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ Գալուստ Սահակյանը շեշտել է, որ ինչպես Կիպրոսը, այնպես էլ Եվրոպական խորհրդարանը առաջիններից են, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ հույս հայտնել, որ հյուրերը կմասնակցեն 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երեւանում կայանալիք միջոցառումներին: Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

Էլենի Թեոխարուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին՝ հայտնելով իրենց զորակցությունը: Նա նշել է, որ պետք է ողջ աշխարհին ուղերձ ուղարկել՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Կիպրոսն այսօր պատանդի կարգավիճակում է եւ դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ: Նա նշել է, որ առաջիկայում ԵԽ-ում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրներին:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում նշանակալի ավանդի համար Էլենի Թեոխարուսին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով, իսկ Բեռնար Կուլիին, Իոաննիս Խարալամբիդիսին եւ Գասպար Կարապետյանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել