«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթը կանցկացվի հոկտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Վարդան Հակոբյանը, նա նաև հաղորդեց. «Ակցիան կմեկնարկի 11:00-ին` Պռոշյան փողոցի Դվին հյուրանոցի դիմացից»:
Պարոն Հակոբյանը հիշեցրեց, որ նախաձեռնությունը երկու պահանջով է հանդես գալիս` համաներում կիրառել մինչ այս տուգանված վարորդների նկատմամբ և վերացնել մայրաքաղաքի կարմիր գծանշաններով կայանատեղիները. «Կառավարությունն ունի սահմանված կայանատեղի բնորոշումը, իսկ կարմիր գծերը չեն համապատասխանում դրան: Ուստի` կա՛մ կառավարությունը պետք է խոստովանի, որ իր ընդունած որոշումը կատարման համար պարտադիր չէ քաղաքապետարանի և «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համար, կա՛մ պետք է վերացնի կարմիր գծերը»,- ասաց նախաձեռնության անդամը:
Նա նաև փոխանցեց, որ շարժման խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. «Մենք սպասում ենք ՄԻՊ-ի որոշմանը, որը ժամկետ է տվել քաղաքապետարանին, որպեսզի այն հիմնավորի բազմաթիվ օրենքի խախտումները, բայց քաղաքապետարանից ոչինչ չկա դեռ: Հիմա սպասում ենք, որ ՄԻՊ-ը գործերը կազմի և դիմի ՍԴ` այդ որոշումները չեղյալ համարելու համար»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: