597 համայնքի նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները կփոխհատուցվեն

Պետությունը կփոխհատուցի համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատող, 1974 թվականից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նպատակով ՀՀ կառավարության N 792-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և մարզպետարաններին հատկացվել է ընդհանուր առմամբ 197 մլն 860.8 հազար դրամ: Գումարը կտրամադրվի 597 համայնքի:

Բանն այն է, որ 2014 թվականի համայնքների բյուջեները կազմվել էին՝ հիմք ընդունելով այդ պահին գործող 45 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը: “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում ընթացիկ տարում կատարված փոփոխության համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը հուլիսի 1-ից սահմանվել է 50 հազար դրամ, և “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՏԻՄ համակարգում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարման արդյունքում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերի կատարման համար համայնքների բյուջեներում հատկացումներ չէին նախատեսվել:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է այս որոշումը՝ նպատակ ունենալով աջակցել համայնքներին՝ բյուջեների կատարողականի ապահովման և սահմանված ժամկետներում նրանց կողմից բյուջետային պարտավորությունների կատարման, լրացուցիչ պարտքեր չկուտակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել