Հայտարարություն փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչությունը սույն թվականի օգոստոսի 6-ին հայտարարություն է տարածել փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ, որը ներկայացվում է ստորև.

«Հայտարարություն փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ

Սույն թվականի օգոստոսի 2-ին առևտրային կաշառքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է իրավապաշտպան և փաստաբան Արշավիր Խալափյանը: Սույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:

Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ կալանքը փաստաբան Ա. Խալափյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելը արդարացված չէ և պայմանավորված չէ գործի արդար քննության ապահովմամբ:

Փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մոտ երկու ամիս առաջ: Այս ժամանակահատվածում փաստաբան Ա. Խալափյանը որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ: Հետևաբար փաստաբան Ա. Խալափյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը արդարացված չէ, պայմանավորված չէ գործի արդար քննության ապահովմամբ և ամրապնդում է ՀՀ-ում տեղ գտած` կալանքի միջնորդությունները որպես կանոն բավարարելու արատավոր պրակտիկան:

Արշավիր Խալափյանը հասարակության և իր գործընկերների շրջանում հայտնի է որպես մասնագիտական և մարդկային բարձր որակներ ունեցող, արդարության համար պայքարող սկզբունքային իրավապաշտպան և փաստաբան:

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախաքննության իրականացման ընթացքում արդեն իսկ տեղ է գտել խախտում` կապված փաստաբանին ձերբակալելու վերաբերյալ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին տեղեկացնելու հետ, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն` ապահովելով քրեադատավարական բոլոր սկզբունքները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչություն
ք.Երևան, 06.08.2014թ.»:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել