Քիչ առաջ Իրավաբան.net-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր ժամը 16.00-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժին, համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ գործով, հարցաքննության համար, որպես կասկածյալ հրավիրվել է փաստաբան Արշավիր Խալափյանը, ով հրաժարվել է ցուցմունքներ տալ: Քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում է կայացվել ձերբակալել Արշավիր Խալափյանին:
Ինչպես Իրավաբան.net-ին տրված հարցազրույցում նախկինում նշել է Արշավիր Խալափյանը. «Այս ամենի նպատակը կոնկրետ երկու գործերով ինձ զսպելն էր` իր գործով և մեկ այլ գործով, որն ավելի մեծ հասարակական հնչեղություն է ստացել և դրա վերաբերյալ առաջիկայում կխոսեմ»:
Տեղեկացնենք, որ քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:
Վերհիշյալ ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: