Դեռևս 25.10.2010թ.-ին Կոտայքի ՇՊԱԿ էր դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Թ.-ը հայտնելով, որ 1991թ.-ի մայիսի 31-ին Ժողովրդական պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ, բնակելի տուն կառուցելու համար Հրազդան քաղաքում իրեն տրամադրվել է 400ք/մ հողատարածք: Տվյալ տարածքը տիրապետել և օգտագործել է սեփականատիրոջ համոզմունքով մինչև իր հանգուցյալ եղբոր կնոջ հետ ծագած կոնֆլիկտը, որի ընթացքում շահառուն, ի զարմանս իրեն, տեղեկացել է, որ ինքը չի հանդիսանում տվյալ տարածքի սեփականատեր: ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանումից, Հ. Թ.-ը պարզաբանում է ստանում, որ նշված տարածքը սեփականության իրավունքով պատկանում է հանգուցյալ եղբոր կնոջն ու որդուն, վերջիններս այն ժառանգել են ըստ օրենքի: Իսկ հարցին, թե ժառանգատուն ի՞նչ հիմքով է ժամանակին ձեռք բերել սեփականության իրավունք, պատասխանել են, որ դա կատարվել է նվիրատվության պայմանագրի հիման վրա` կնքված և վավերացված նոտարի կողմից, որտեղ իբր թե նվիրատու է հանդիսացել ինքը` Հ. Թ.-ը, իսկ նվիրառու` հանգուցյալ եղբայրը` Ա. Թ-ն: Շահառուն միանշանակ պնդում էր, որ ինքը նշված գործարքի մասին բացարձակ պատկերացում չունի և երբևէ դրա կողմ չի հանդիսացել:
ՇՊԱԿ-ի կողմից հաղորդում է տրվել ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն: 19.11.2010թ. Հրազդանի նախկին նոտարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 314 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, այն է` պաշտոնեական կեղծիք: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նախկին նոտարը իր պաշտոնավարման ժամանակ 28.10.1993թ. կազմել և վավերացրել է կեղծ փաստաթուղթ` նվիրատվության պայմանագիր, իսկ գրանցամատյանում կեղծվել է Հ. Թ.-ի ստորագրությունը:
Նշված փաստերի հիման վրա Կոտայքի ՇՊԱԿ-ի կողմից շահառուի համար կազմվել է քաղաքացիական հայց` 1993թ.-ին կատարված նվիրատվության գործարքը, 10.01.2005թ. նույն գույքի վերաբերյալ տրված ժառանգության վկայականը և դրա հիման վրա 25.01.2005թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից կատարած սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով` ուղղված ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի կողմից կայացվել է վճիռ հայցապահանջը ամբողջությամբ բավարարելու մասին, որը մտել է օրինական ուժի մեջ:
Եվ այսպես, շուրջ 14 ամիս տևած աշխատանքների արդյունքում ՇՊԱԿ-ին հաջողվեց մինչ այդ անհույս թվացող խնդիրը հասցնել հաջող հանգուցալուծման` պատժելով մեղավորներին և ճանաչելի դարձնելով քաղաքացու սեփականության իրավունքը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: