Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի և մյուսների դատական նիստի ժամանակ Հայկ Կյուրեղյանը բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կյուրեղյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Հայկ Կյուրեղյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի