Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօր հետաձգեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով դատական ակտն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի վճռի հրապարակումը:
Այն կհրապարակվի հուլսի 20-ին:
Դատավորը հայտարարեց, որ որ վճռի հրապարակումը հետաձգվում է, քանի որ լրացուցիչ հետազոտություն պետք է իրականացվի հետևյալ արտահայտությունների հետ կապված.
«20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… »:
Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է ծառայել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի տված հարցազրույցները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջում է կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 ՀՀ դրամ: