Ի՞նչ հիմնավորմամբ է նախազգուշացում հայտարարվել դատավոր Արթուր Սմբատյանին

Արդարադատություն իրականացնելիս դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը, կարճելով գործի վարույթը, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են: Այս եզրահանգմանն է եկել Արդարադատության խորհուրդը և դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարել է նկատողություն: Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է Արդարադատության խորհրդի որոշումից:

«Դատարանը, կարճելով թիվ ԵԱԴԴ/0958/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Գարիկ Շելլունցի ընդդեմ Լուսինե Ղուշչյանի` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնում Նարեկ Շելլունցի ծննդյան վերաբերյալ կատարված գրանցման ակտում Գարիկ Շելլունցի` որպես հոր վերաբերյալ գրառումը չեղյալ հայտարարելու և նրանց միջև առկա ծնող-երեխա իրավահարաբերությունները դադարեցնելու պահանջների մասով, խախտել է հակընդդեմ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը»,- գտել է ԱԽ-ն:

Դատավոր Արթուր Սմբատյանը 3 էջից բաղկացած բացատրություն է ներկայացրել, որում նշել է.

«Եվ եթե նույնիսկ Դատարանը ճիշտ չի ընկալել հակընդդեմ հայցով հայցվորի պահանջը և այդ ընկալման շրջանակներում եղել է երեխայի իրավունքների առավելագույնս պաշտպանության ապահովման նկատառումներից, գտնում եմ, որ իրողությունը չի կարող գնահատվել որպես ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածների ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման օրենսդրական հնարավորությունը երաշխավորում է դատական սխալի վերացումը, ինչի հիմքով սույն դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նշենք, որ եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Լուսանկարը` court.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել