ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից:
Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Վերոնշյալ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում): Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:
Ըստ նախարարի՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար: