Երկու դատապարտյալների դիմումը՝ գլխավոր դատախազին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալներ՝ Ռուբեն Ամատունին և Հարություն  Նենեջյանը բաց նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:

Նամակում մասնավորապես նշվում է.

«Մենք՝ անմիջապես Ձեզ դիմող երկու դատապարտյալներս, տեղեկացնում ենք, որ մեր ահազանգը ինքնանպատակ չէ: Մենք անհատապես, և այլ դատապարտյալներ բազմիցս դիմել ենք բոլոր համապատասխան մարմիններին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտում առկա անօրինականությունները և իրականացվող խտրականությունները:

 Սակայն  բոլոր պատկան մարմինները ընդամենը ժամանակ սպանեցին՝ վերահասցեագրելով մեր դիմումները միմյանց, ուղարկելով անորոշ երգիծական պատասխաններ կամ ընդհանրապես չպատասխանելով: Ինչից հետո մենք բարձրաձայնեցինք այս խնդրի մասին տարբեր լրատվամիջոցներով, բայց մեր ահազանգերը մինչ օրս մնացին անպատասխան:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի՝ ցանկացած հոդվածով դատապարտված անձ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ունի, եթե իհարկե վաղաժամկետ ազատման համար սահմանված պատժամասը կրել է արդեն:

Քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանվում  է, որ վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե տվյալ դատապարտյալը կրել է  ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված պատժի նվազագույն մասը, եթե հանցագործության կատարմամբ չի առաջացրել մարդու մահ կամ պատճառվել առողջական վնաս, եթե դատապարտյալ տուժողին կամ նրա իրավահաջորդին հատուցել է պատճառված վնասը կամ էլ դատարանի վճռով ճանաչվել է սնանկ:

Ինչպես նաև, եթե չունի կարգապահական խախտում, դրսևորում է նորմալ վարքագիծ և կատարում է ադմինիստրացիայի օրինական պահանջները:

Սակայն չգիտես ինչու այս բոլոր պայմանների առկայության դեպքում և բոլոր պահանջները կատարող դատապարտյալներին, անգամ նախկինում երբևէ չդատված, անհիմն կերպով մերժում են: Մենք նկատել ենք, որ վաղաժամկետ ազատումը ընդհանրապես չի կիրառվում, եթե անգամ մարդիկ լրիվ ուղղված են:

Սա հակասահմանադրական, անօրինական, անմարդկային, դաժան իրականություն է, որն իրականացվում է ավելի քան 5 տարի: Այս իրականության հետևանքով խախտվում է մարդկանց հոգեվիճակը: Ոմանք չարանում են, ոմանք ձեռք են բերում հոգեկան շեղումներ, կորցնում ընտանիքների, հավատը օրենքի, արդարության և պետականության հանդեպ:

Ավելացնենք նաև, որ բանտերի ադմինիստրացիաները սեփական կամքով և իրենց նախաձեռնությամբ չեն իրականացնում այս անօրինական մասսայական մերժման գործողությունները, այլ նրանց ղեկավարում և ուղորդում է մի հզոր ուժ պետական գերատեսչություններից:

Բանտերի ադմինիստրացիաները ստիպված հարվածը վերցնում են իրենց վրա, քանի որ 2006 թվականին նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ հանձնաժողովը» ճնշում է գործադրում ադմինիստրացիաների վրա, որպեսզի որքան հնարավոր է քիչ մարդ վաղաժամկետ ազատ արձակվի:

Վաղաժամկետ ազատում ներկայումս իրականացվում է միայն թեթև և միջին ծանրության հոդվածներով դատապարտվածների նկատմամբ, և եթե նրանց պատժին մնում է քիչ 2-ից 14 ամիս:

Միթե՞ սա արդարացի է: Հանցանք կատարած անձին անհրաժեշտ է բուժել, ուղղել և վերադարձնել հասարակություն, այլ ոչ թե ճնշել, հասցնել հոգեկան շեղումների:

Մենք խնդրում ենք ընդամենն անհատական մոտեցում յուրաքանչյուրիս՝ ըստ մեր վարքի և անձի հատկանիշների: Պահանջում ենք մեզ հասանելի պայմանական վաղաժամկետ ազատման կիրառումը:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է սխալվել այս կյանքում, բայց դա չի նշանակում, որ սխալվողին պետք է ճնշել և թույլ չտալ վերադառնալ նորմալ, ազատ կյանքի:

Մենք Ձեզ խնդրում ենք պաշտպանել մեր իրավունքները և ՀՀ օրենքը, որը ոնտահարվում է: Մենք հուսով ենք, որ այս խնդրանքը չի անտեսվի և Դուք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեք՝ այս անօրինականություններին վերջակետ դնելու համար»:

Իրավաբան.net

Bac Namak 1

Bac Namak 2 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել