Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, Կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Այս նորմը սահմանվում է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակով:
Ըստ նախագծի՝ Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։