Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է.«Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության և դատախազության առջև ծառացած խնդիրները նույնական են, ավելին՝ պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարևորագույն մարտահրավերների: Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է»:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Տիգրան Սարգսյանը դիմելով դատախազներին նշել է, որ քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը՝ համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձևով է իրականացնում իր գործառույթները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Տիգրան Սարգսյանին՝ արդարադատության երկրորդ դասի պետական դասային աստիճան: Պարգևները վերջիններիս հանձնել է Վարչապետ Սարգսյանը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լիլիթ Թադևոսյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը: