Երևանի նախկին քաղաքապետի գործով նիստը հերթական անգամ հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է  Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի և Արմեն Երիցյանի գործով դատական նիստը։

Գործը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Դատաքննությունն ընթացքում է արդեն շուրջ երկու տարի: Գործով ներկայացված է մոտ 750 միլիոն ՀՀ դրամի գույքային հայց:

Ըստ մեղադրանքի՝ Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ 2004 թվականի հունվարի 16-ին, առանց համապատասխան իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը, որն էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

 Մեղադրյալը և ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը առարկեցին տեսանկարահանմանը։

Այսօր կայացած դատական նիստում հայտնի դարձավ, որ դատախազ  Ցոլակ Մնացականյանը գործով ներգրավվել է որպես նոր հանրային մեղադրող։ Դատավարությանը ներկա չէին վկաներ Գագիկ Բեգլարյանը և Նունե Սարգսյանը  վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ գտնվում է արձակուրդում։

Մասնակիցների բացակայության հանգամանքով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի հոկտեմբերի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել