Կառավարությունը այսօր անցկացված նիստում հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Բյուջեի նախագիծը ուղարկի Ազգային ժողովի հաստատման։ Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է ունենալ շուրջ 3,1 տրիլիոն դրամի եկամուտ և 3,6 տրիլիոն դրամի ծախս։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր զեկույցում նշեց, որ բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) կկազմի 537,5 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025-ի 5,5 տոկոսի դիմաց։ Այն նախատեսվում է ֆինանսավորել ինչպես ներքին (շուրջ 266,2 մլրդ դրամ), այնպես էլ արտաքին (շուրջ 271,3 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։ Եկամուտների հիմնական մասը՝ շուրջ 2,97 տրիլիոն դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։ Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026-ի վերջում կանխատեսվում է 53,5 տոկոս։
Հովհաննիսյանը նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կշարունակվեն 2026-ին։ Դրանցից մեկը, օրինակ, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է։
«Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 2026-ին նախատեսվել է 4,9 մլրդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման ու կառուցման աշխատանքները»,- նշեց նախարարը։