ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր կայացած նիստում Կառավարությանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրման ենթակա վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագիրն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը:
Ֆինանսների նախարարին լիազորություն կտրվի ստորագրելու համաձայնագիրը։
«Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (իրականացվում է 2019 թվականից) երրորդ փուլն է: Այն ունի 2 հիմնական նպատակ, այն է՝ ամրապնդել ֆինանսական կառավարումը՝ մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- նշեց Հովհաննիսյանը:
Առաջին փուլն իրականացվել է 2022 թվականին, երկրորդը՝ 2024 իսկ երրորդ փուլը նախատեսվում է իրականացնել այս տարի:
Նախարարը ներկայացրեց նաև բարեփոխումների բնույթը, որոնց համաձայն ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերածախսերի դեպքերը, դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար:
Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք ՀՀ Կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինին՝ շուկան զարգացնելու համար:
Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները, և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում՝ ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի:
Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքներն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ: Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և տվյալների այլ համակարգերի միջև տվյալների համակարգերի փոխանակման, կառավարման, բարելավման համար:
Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունն ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը: Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»,- ասաց նախարարը։