«Ոտքերդ ջարդելու եմ», «ստորացնելու եմ»․ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գրառում կատարելու համար

Սուրեն Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 2-ին Facebook սոցիալական կայքում գրառում է կատարել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ագրեսիվ կերպով հնչեցրել է «ոտքերդ ջարդելու եմ», «ստորացնելու եմ» արտահայտությունները, որոնք պարունակում են առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որն իրականացնելու իրական վտանգ է եղել։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 6-ին և մակագրվել դատավոր Էդուարդ Մկրտչյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ տղամարդը իր անվամբ բացված օգտահաշվով, բոլորի համար հասանելի եղանակով տեղադրել է հետևյալ գրառումը՝ «Alen Simonyan Դու իմ ճանաչած անարդարության դեմ պայքարող մարտիկ))) Էն որ զին. գրքույկդ միշտ հրապարակում ես՝ Ռեմբո, քեզ թվում ա N զորամասի մնացած ծառայողները ամնեզիա ունե՞ն… Ամոթ ա, այ սանչաստի ստրուկ, փողով փախած, փողից տուժված… Մենք կանք, սաղ ենք, լինելու ենք! Տերդ փախնելու ա, դու մնալու ես (ոնց ե՞ս ասում՝ ես քաղաքի տղա եմ)…Քաղաքի սրտում ես արցունքոտվելու, ոնց որ միշտ… Տարիներ առաջ քեզ ասել եմ՝ ոտքերդ ջարդելու եմ, ( հիմար, տմարդ, էժան պահվածքիդ համար ), չհիշես՝ կհանրայնացնեմ, ասել էի…հիմա ասում եմ՝ ստորացնելու եմ !!!! N զորամասի հայեր P.S քո համար հայրեր!!! P.S.S…դու պուճուր վախտ ամենա երջանիկ երազումդ տեսել է՞իր, որ թքել գիտես))) P.S.S Փորձեցի տնօրեն էշիդ ասած, մնամ հասուն բանավեճի մեջ, բայց վստահ իմացիր, որ ՔԱՂԱՔ-ը քեզ սպասում ա»:

Դատարանը վճռել է Սուրեն Է․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝  ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 6 ամիս ժամկետով՝ արգելելով առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:

Սուրեն Է․-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա՝ ըստ բնակության վայրի:

Դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 21-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել