Դպրոցից վերադառնալիս զանգել է իր ծանոթին, պարտքով փող խնդրել, մերժում ստանալուց հետո գնացել նրանց տուն և գողություն կատարել․ հրապարակվել է դատավճիռը

Թամարա Մ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դպրոցից տուն վերադառնալիս զանգահարել է իր ծանոթ Ասյա Բ.-ին և պարտքով գումար է խնդրել նրանից։ Վերջինս մերժել է, միաժամանակ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ տանը չեն գտնվում։ Դրանից հետո Թամարա Մ․-ն գնացել է դեպի նրանց տուն, ցանկապատի բաց հատվածից անցնելով մուտք է գործել տան բակ, այնուհետև հրելով բացել է տան մուտքի փայտե դուռը և ապօրինի մուտք գործելով տուն՝ նախասրահի պատի վրայից գողացել է 10.500 դրամ արժողության տեսանկարահանող սարք, այնուհետև խոհանոցից գողացել է 80.000 դրամ արժողության բջջային հեռախոսը և հեռացել է՝ պատճառելով ընդհանուր 90.500 դրամի գույքային վնաս։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 30-ին և մակագրվել Ռուզաննա Ամիրջանյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Դատարանը վճռել է Թամարա Մ․-ին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:

Պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։

Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 28-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել