Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը․ ԱՆ

Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։

Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։

Հիշեցնում ենք, որ նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ Արդադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր՝ հունիսի 17-ին, հերթական անգամ կիսատ է թողել ճեպազրույցը լրագրողների հետ: Նախ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի կողմից հոգևորականների և եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է:

Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Երբ նախարարը սկսեց բացատրել, թե ինչ է սահմանդրական կարգի տապալումը, լրագրողները նշեցին, որ դասախոսությունը լսարանում կարդա և հարցերին պատասխանի ըստ էության:

«Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր՝ իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին: Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես ասում եմ»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել