Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում, փոխանցում են քոլեջից։
«Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։
Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։
Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։
Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,-հայտնել են գերատեսչությունից։