Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ

Հայաստանում կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը կառավարությունը նախատեսում է իրականացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Մենք այսպիսի մի մոտեցում ունենք։ Նախ՝ կառավարության ծրագրով սահմանված պարենային զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի հարաբերակցությունը 9,3 տոկոսով գերազանցում է՝ չհաշվարկած նաև անկանխիկ վճարումների դեպքում հետվճարային համակարգը։ Քանի որ հետվճարի դեպքում տեսանք, որ չնայած քննադատություններին և որոշակի հոռետեսությանը, առաջին ամիսներին ծրագիրը այդքան էլ լավ չէր աշխատում, սակայն ընթացքում լուսաբանումների ու քննարկումների արդյունքում շահառուների թիվը մեծացավ»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այժմ կառավարության նպատակը հետվճարի ինստիտուտի զարգացումն է. այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում է իրականացնել հենց այդ մեխանիզմով։ Հետվճարի տոկոսը 10-ից արդեն բարձրացվել է մինչև 12 տոկոս։

«Մենք փորձելու ենք հետվճարի մեխանիզմը ներդնելով բարձրացնել կենսաթոշակները։ Կլինեն նաև նոր խթանիչներ, որպեսզի շահառուների թիվն ավելանա։ Ապրիլ ամսվա տվյալներով ունենք 321 հազար շահառու՝ մոտ 60 տոկոս ներգրավվածություն։ Հուսով ենք՝ մինչև տարեվերջ մաքսիմալ ներգրավվածություն կապահովենք և կհայտարարենք՝ ինչպես ենք բարձրացնելու կենսաթոշակները»,– նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել