Հայտարարություն՝ Yerevan Dialogue համաժողովին Կրեգ Օլիֆանտի մասնակցության անընդունելիության վերաբերյալ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի շարք իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ անընդունելի են համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովին Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլին Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս եւ քաղհասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։

Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ, առավել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը»:

Արտակ Բեգլարյան, «Արցախ Միություն» ՀԿ,
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ,
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
Արա Ղազարյան, փաստաբան,
Արփի Ավետիսյան, իրավապաշտպան,
Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Գառնիկ Կերկոնյան, «Հայ իրավական պաշտպանության ճակատ»:

Նշենք, որ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը կանցկացվի մայիսի 26-ից 27-ը Երևանում։ ԱԳՆ փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել