Յուրաքանչյուր անձ իրավունք ունի անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով դիմելու գրանցումն իրականացնող լիազոր մարմնին:
Գրավոր դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է սպասարկման գրասենյակ, ընդ որում` այն կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:
Տեղեկատվության տրամադրման դիմումը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին: Դիմողները պարտավոր են վճարել օրենքով սահմանված վճարները: Օրինակ, միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված է վճար 1000 ՀՀ դրամ, անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար, բացառությամբ որոշ դեպքերի՝ 25000 դրամ:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:
Ի դեպ, ՀՀ Կառավարության 28.02.2013թ. որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի: Ըստ որոշմամբ հաստատված ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 2013 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 4134647.0 հազար դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:
Ծրագրով նախատեսվել էր, որ ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր նաև կապի ծառայությունների համար և կապի ծառայություններից օգտվելու համար 2013 թվականին պլանավորվել էր իրականացնել 37075,4 հազար դրամի ծախս:
Անկախ ամեն ինչից, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվությունը դիմողին հանձնվում է դիմումն ընդունած կամ դիմողի ընտրությամբ այլ սպասարկման գրասենյակի կողմից և հաստատվում է տեղեկատվությունը հանձնող սպասարկման գրասենյակի կնիքով: Սա նշանակում է, որ տեղեկատվություն ստանալու համար փոստով ուղարկված գրավոր դիմումի պատասխանը դիմումատուն փոստով չի ստանա: Ձևավորված պրակտիկայի համաձայն՝ այն կարելի է ստանալ կամ ավելորդ ժամանակ ու ֆինանսական միջոցներ ծախսելով՝ առձեռն գրասենյակից, կամ պատասխան նամակն ստանալու համար վճարելով՝ փոստով: