Կինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրիստինե Թ.-ին մեղադրանք է առաջադրվել իր անչափահաս երեխային պարբերաբար մուրացկանության ներգրավվելու համար։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել դատավոր Մուշեղ Հարությունյանին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշված է, որ կինը դստերը պարբերաբար ներգրավել է մուրացկանության, մասնավորապես, 2024 թվականի հունվարին Մարիամ Գ․-ին ուղարկել է Բարեգործական հիմնադրամի այցելուների կենտրոն, որտեղ դուստրը կենտրոնի ադմինիստրատորից մուրացել է 1.000 դրամ՝ հայտնելով, որ գումարը հետագայում կվերադարձնի, որից հետո, ստանալով մերժում, հայտնել է, որ սոված է, ինչի արդյունքում նույն կենտրոնի անվտանգության աշխատակիցը նրան տվել է հաց ու պանիր:

Աղջիկը ուղարկվել է նաև տարբեր խանութներ, ինչպես նաև դեղատուն, մոր հիվանդ լինելու, իր սոված լինելու և այլ պատճառաբանությամբ կատարել է մուրացկանություն, որի արդյունքում հավաքված ընդհանուր 5.350 դրամը փոխանցել է մորը, որով նա խանութից գնումներ է կատարել։

Քրիստինե Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Դատարանը վճռել է Քրիստինե Թ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն) նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝ կարճաժամկետ ազատազրկում 1 ամիս ժամկետով:

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ընտրված լուսանկարը նյութի հետ առնչություն չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել