ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։
Հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը:
Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը և կրթաթոշակ ստանալու նպատակով բուհ ընդունվողների թվի նվազմանը, դիմորդները բուհ կընդունվեն պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսումնառելու և ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ աշխատելու նպատակով:
Որոշումը կտարածվի 2025/2026 ուսումնական տարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա»,-ասված է հիմնավորման մեջ։