ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.
«Ես թե´ իմ, թե´ մեր թիմի սխալները լավ գիտեմ, կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները, սին հույսերը, քաղաքական պրիմիտիվ կեցվածքը, մարդկային մոլորությունները։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չարությանը չարությամբ չեմ պատասխանել, մշտապես կողմ եմ եղել առանց այն էլ փոքրաթիվ ու տրոհված, փոխադարձ անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության բացիլով ախտահարված մեր հասարակության տարբեր հատվածներին հաշտեցնելուն, համազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբելուն:
Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը:
Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է:
Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել:
Ես շնորհակալ եմ իմ կուսակցական ընկերներին, համախոհներին, աջակիցներին՝ այս օրերին տարատեսակ զրպարտանքների ու ոչ հեռու անցյալի իրողությունների խեղաթյուրման դեմն առնելու իրենց ջանքերի համար: Նրանց խնդրում եմ իրենց ժամանակն ու էներգիան առավելապես ուղղել մեր հիմնական գործին ամբողջ ուժով լծվելու ուղղությամբ, իսկ կոռեկտության բոլոր սահմաններն անցած, ճշմարտության դեմ մեղանչողների դեմ պայքարը դիտարկել որպես կուսակցական գործչի պատվախնդրություն և ամենօրյա սովորական աշխատանք, քանզի զանազան պատճառներով անազնիվ մեթոդներով պայքարողներ միշտ էլ եղել են և լինելու են: Թե որն է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում ազգային շահերի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած, անառողջ հավակնություններով չտառապող Հանրապետական կուսակցության դեմ սկիզբ առած անմաքուր արշավը, դժվար չէ կռահել»։