Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատգամավորներն առաջարկում են ընտրությունների ժամանակ քվեախցիկը տեղադրել այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:
Այս պահի կարգավորումների համաձայն քվեախցիկը քվեարկության սենյակում տեղադրվում է այնպես, որ ընտրողը մեջքով լինի դեպի պատը, իսկ դեմքով՝ դեպի հանձնաժողովը:
«․․․Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա եւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի և ընտրողի ազատ կամարտահայտումը: Այս դեպքում, գրեթե անհնար կլինի նկարել քվեաթերթիկը, կամ տեսանկարահանել քվեարկության գործընթացը, որն առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը, եւ որ ամենակարեւորն է՝ ընտրողի ազատ կամարտահայտությունը»,-նշվել է հիմնավորման մեջ:
Ըստ հեղինակների՝ այս կարգավորումը նպատակ ունի ապահովել ընտրության գաղտնիությունը:
«Սակայն ակնհայտ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում գաղտնիության ապահովումը խոչընդոտվում է շատ էական եւ խնդրահարույց հանգամանքով: Այն է՝ ամենասովորական հեռախոսով քվեաթերթիկը լուսանկարելու, իսկ մի փոքր ավելի ֆունկցիոնալ հեռախոսով տեսանկարահանելու հնարավորությունը: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ գոյություն ունեցող շատ բացասական դրսեւորումներ հնարավորություն են տալիս հավանական ընտրակեղծարարներին օգտվել ցանկացած հնարավորությունից: Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը՝ կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո ունենալով ազատության բավարար ապահովվածության ընտրությունը՝ կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն:
Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,-նշվում է հիմնավորման մեջ։