Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։
Նշվում է, որ անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:
Նախագծով առաջարկվում է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում ավելացնել կարգավորումներ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության ներպետական կարգավորման նպատակով, այդ թվում՝ տալ հիմնական հասկացությունները (նախնական կալանավորում, իրավիճակի ներկայացում և այլն), սահմանել համագործակցության համար լիազոր մարմին, կարգավորել համագործակցության ձևերի և իրականացման կարգի առանձնահատկությունները։ Առաջարկվում է նաև դրանից բխող լրացումներ իրականացնել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։
Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման դեպքում ներպետական իրավական ամրագրում կստանան Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի գործնականում համագործակցության հիմնադրույթները: