Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում, իր հաշվառման հասցեում, հայտնաբերվեց և Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից նույն վարչության կողմից հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանությունի։
«Նա ներկայացվեց Դիլիջանի քննչական բաժին: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին` հենց Դիլիջանում։ Ըստ քննության տվյալների`այդ օրը 48-ամյա տղամարդը և դեռևս չպարզված երկու անձ, ժամը 18.40-ին, հարմարեցված բանալիով բացել էին Մյասնիկյան փողոցի բնակարաններից մեկի դուռն ու մուտք գործել:
Ժամը 20.15-ի սահմաններում, երբ վերադարձել էին բնակարանատիրոջ թոռները, 48-ամյա տղամարդն ու հանցակիցները դեռ տանն էին։ Հանդիպելով խոհանոցում` նրանք բռնություն են գործադրել թոռներից մեկի նկատմամբ, քաշել-հրելով միջանցքից նրան տարել հյուրասենյակ, և այդ ընթացքում 48-ամյա տղամարդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև տղամարդն ու հանցակիցները դիմել են փախուստի՝ տանելով հափշտակած երեքուկես միլիոն դրամը, 330 հազար դրամի զարդեր և այլ իրեր:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դեկտեմբերի 16-ին 48-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Քրեական վարույթը շարունակվում է»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: