Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին 2023 թվականին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։
Գործը մակագրված էր դատավոր Մանվել Շահվերդյանին։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հրանտ Բագրատյանը, 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:
Հրանտ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ այսօր՝ մարտի 6-ին, Հրանտ Բագրատյանն արդարացվեց։
Iravaban.net-ի հետ զրույցում նա նշեց․ «Վերջնական դատական ակտ դեռ չունենք։ Ընդամենն ունենք վերդիկտ։ Հրանտ Բագրատյանն անմեղ է ճանաչվել։ Դատարանն այդ մասին հրապարակեց քիչ առաջ»։
Հասմիկ Սարգսյան