7 տեսակի իրավախախտման դեպքում վարորդների տուգանային միավորները բարձրացել են

ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։ Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ 100-ից ավելի ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ կան, միայն 28 իրավախախտումների դեպքերով են հանվում տուգանային միավորներ։

Նա հայտնեց, որ այս փոփոխությամբ 7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որպեսզի համարժեքությունը պահեն, 20 իրավախախտումների դեպքում տուգանային միավորները նույնն են մնացել։ Խաչատրյանը թվարկեց 7 իրավախախտումները, որոնց դեպքում բալերը բարձրացվել են՝

Ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտում. եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:

  • Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր,
  • Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր,
  • Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր,
  • Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր,
  • Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր,
  • Մեքենա վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր:

«Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ Վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո երկրորդ շարքում կանգնելու դեպքում 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչու հարբած մարդուն չեն զրկում մեքենա վարելու իրավուքնից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ սթափ վիճակում վարելու համար վարորդը մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից, բայց սահմանաչափ կա, այդքան օգտագործելու դեպքում տուգանք է, տուգանային միավորել էլ 4-ից դարձել է 5»։

Նա նշեց, որ նախագծի միտումն է՝ պետությունը հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով պետք է կարգավորի հասարակական հարաբերությունները. «Եթե հնարավոր է նվազ վարչարարություն և հարկադրանքի միջոցներ կիրառելով հասնել ակնկալող արդյունքի, ուրեմն պետք է նվազեցնենք այդ հարկադրանքի մեխանիզմները։ Կարծում եմ՝ 13 բալի արդյունք էլ երթևեկության մեջ վատթարացում չենք ունենալու, ՃՏՊ-ների ավելացումներ չենք ունենալու»:

Ներկայացնելով վիճակագրություն՝ Ա. Խաչատրյանն ասաց, որ 2024 թվականին հաշվառվել է զոհերով և վիրավորներով 4,814 ՃՏՊ-ներ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6,116-ը. «2023-ի համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 300-ով, զոհերի թիվը 45-ով։ Նման ցուցանիշ երբևէ չենք ունեցել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել