Փետրվարի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրից» ստացվել էր հաղորդում, որ Մաշտոցի պողոտային կից «Մալիբու» կոչվող այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ստացած կտրած-ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա երիտասարդի, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալները Համայնքային ոստիանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ իրացնելիս պարզվել է, որ փետրվարի 27-ին, երեկոյան ժամը ութի սահմաններում, «Մալիբու» այգում տուժած երիտասարդն ու ընկերը վիճել են 17-19 տարեկան երեք այլ երիտասարդի հետ։ Հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով ուղեկցվող վեճը վերաճել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
Մարտի 3-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները 18-ամյա երիտասարդին ձերբակալել և ներկայացրել են քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: