«Ընտրակաշառքի գումարներն անձամբ ես եմ բաժանել․ բոլորի տվյալները չեմ հիշում, կարող եմ մատնացույց անել նրանց տները»․ Գագիկ Ծառուկյանի գործով վկայի ցուցմունքները հրապարակվեցին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 20-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին շարունակվեց վկա Ռուբիկ Մուրադյանի հարցաքննությունը, նախորդ նիստն որոշվեց, որ հանրային մեղադրողը պետք է հրապարակի վկայի նախաքննական ցուցմունքները։

Նախաքննական ցուցմունքների ժամանակ Մուրադյանը հայտնել է, որ ինքը գումար չի բաժանել, սակայն գումար է վերցրել, այն տվել քրոջը։ Իր մի քանի համագյուղացիների վերաբերյալ նշել է, որ նրանց գումարներ են տրվել՝ քաղաքացիներին բաժանելու նպատակով։ Հետագայում վերջինս կանչվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց։ Վկայի հարցաքննությունն ավարտվեց։

Հաջորդ ամբիոնին մոտեցավ Գյուլնարա Մուրադյանը, նա ևս գործով վկաներից մեկն է։ Վերջինս դատարանում հարցաքննվելու է մեղադրյալի հարցաքննության կանոններով, քանի որ նա ևս մեղադրանք է առաջադրվել, սակայն վաղեմության ժամկետի լրանալու հիմքով հետապնդումը դադարեցվել է։ Հարցաքննության սկզբում Մուրադյանը նշեց, որ ոչինչ չունի ասելու, ոչինչ չի հիշում։ Դատավորի հարցին՝ չի հիշո՞ւմ, թե՞ չի ուզում ասել, կինն արձագանքեց․

-Ոչ մի բան չկա ասելու։ Չկա ցուցմունք տալու ոչ մի բան։

-Ցուցմունք տալու բան կա, բայց Դուք չեք ուզում ցուցմունք տալ։

-Չկա, չէ։ 

-Չեք ցանկանում ցուցմունք տա՞լ։

-Ոչ թե չեմ ցանկանում, այլ չկա ոչ մի բան, որ ես ցուցմունք տամ։ Ես չգիտեմ ոչ մի բան։

Հարցադրումներից հետո պնդեց՝ չի ցանկանում ցուցմունք տալ։ Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալների ներկայացուցիչները տարբեր պատճառներով (հարցաքննվել է առանց փաստաբանի) դրան դեմ արտահայտվեցին, սակայն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը։ Այսպիսով, Գյուլնարա Մուրադյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ 2017-ի ընտրությունների ժամանակ Մարտունի քաղաքում ԲՀԿ թեկնածուն Վազգեն Պողոսյանն է եղել։ Ամուսինը նրան հայտնել է, որ ընտրություններում Պողոսյանի հաղթանակի համար կուսակցությունը գումար է բաժանում։

«․․․Այն գումարները, որոնք տալու էին մեզ, որպես կուսակցության անդամների, մենք պետք է յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար դրամ բաժանեինք, հավաքեինք նրանց անձնագրերի պատճենները, խնդրեինք նրանց ընտրություններին Վազգեն Պողոսյանին ձայն տալու համար։ Ընտրություններից առաջ ամուսինս ինձ փոխանցել է 500 հազար դրամ և հայտնել՝ այդ գումարն իրեն անձամբ Պողոսյանն է տվել, որպեսզի այն բաժանեինք քաղաքացիների մեջ՝ իրեն ընտրելու համար»,-հարցաքննության ընթացքում նշել է նա։

Ըստ նախաքննական ցուցմունքների, դրանից հետո Մուրադյանը սկսել է իր ծանոթներին խնդրել, որ իրենց ձայնը տան ԲՀԿ-ի թեկնածուին, հավաքել է նրանց անձնագրերի պատճենները, յուրաքանչյուրին տվել է 10 հազար դրամ գումար (50 անձի 10 հազարական դրամ)։ Քննիչին վերջինս հայտնել է, թե չի հիշում այդ անձանց տվյալները։ Բացի 2017-ի ընտրություններից, էլի ընտրական պրոցեսներ են եղել, որոնց ընթացքում կրկն կինը «գումարներ է բաժանել»։

Գյուլնարա Մուրադյանը նշել է նաև, որ Գագիկ Ծառուկյանին և Վազգեն Պողոսյանին անձամբ չի ճանաչում, նրանց հետ չի հանդիպել․ «Ընտրակաշառքի գումարները, որոնք տրվել են ինձ, անձամբ ես եմ բաժանել, բաժանել եմ իմ ծանոթներին՝ Վազգեն Պողոսյանին ընտրելու համար»։

Մեղադրյալների պաշտպանները ուշադրություն հրավիրեցին վկայի հարցաքննությունների ժամի վրա, նշեցին՝ դրանք տեղի են ունեցել 22։10-ին, 23։55-ին․ «Գիշերային ժամանակ վարույթն իրականացնող մարմինը իրավունք չուներ հարցաքննություն իրականացներ»։

Նախաքննության ընթացքում Գյուլնարա Մուրադյանը հայտնել է նաև, որ գումարները բաժանել է տներ այցելելով։ Հաջորդ հարցաքննությունների ժամանակ հիշել է նաև այն անձանց անունները, որոնց գումար է փոխանցել․ «Մյուսների տվյալները չեմ հիշում, բայց կարող եմ մատնացույց անել նրանց տները»։

Ցուցմունքների հրապարակումից հետո կինը ևս մեկ անգամ նշեց, որ հրաժարվում է դատարանում հարցաքննվելուց և հարցերին պատասխանելուց։ Սեդրակ Առուստամյանի պաշտպանը նշեց, որ չեն հասկանում՝ ինչ կապ ունի հրապարակված ցուցմունքը իրենց պաշտպանյալի հետ, և առհասարակ, ինչո՞ւ են դրանք հրապարակվել դատարանում։

Փաստաբանի հայտարարությունից հետո նիստը հետաձգվեց, հաջորդը՝ մարտի 12-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել