Մանուկ Բարսեղյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել  է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:  Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: 

Նախարարի զեկուցմամբ՝ 2025 թվականի հունվարի 31ին տեղի է ունեցել  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանը: 

Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 18-ը: Ռեկտորի  ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ Մանուկ Բարսեղյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր։ 

«Մանուկ Բարսեղյանը շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: ՃՇՀԱՀ-ը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, որտեղ վերջին տարիներին ուսանողների թվի մեծ աճ է գրանցվել: Բուհի ներսում գործում են ավագ դպրոց, քոլեջ, որտեղ կան մասնագիտացված ուսուցման հնարավորություններ: Հաշվի առնելով Կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի քաղաքականությունը՝ կարևորում ենք նաև բուհում այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով նորընտիր ռեկտորին։

Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ իր փորձն ու գիտելիքը կծառայեցնի ՀՀ լավագույն բուհերից մեկի առաջխաղացման, կրթության մակարդակի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ծառացած խնդիրների լուծման կարևոր գործին: Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս բուհը դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ՝ միջազգային  հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարանների շարքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Մանուկ Բարսեղյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել