Հետաքրքիր և օգտակար դատական պրակտիկա զրպարտության վերաբերյալ, որը շուրջ 6 տարի տևած դատավարությունից հետո ավարտվեց մեր հաղթանակով։ Այս մասին հայտնում են Best Solutions փաստաբանական և հաշտարարական գրասենյակից։
«2018թ․ դեկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տարեկան ժողովի ընթացքում գործով պատասխանող Արշակ Մաթևոսյանն իր հրապարակային ելույթում օգտագործել է «Իմ բերանը փակելու համար պոդկուպ են արել ինձ» բառերը, որոնք ուղղված են եղել մեր վստահորդ՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի տնօրենին։
Դատարանը հաստատված է համարել , որ աշխատավարձի բարձրացման միջոցով պատասխանողի «բերանը փակելու համար պոդկուպ անելու» վերաբերյալ արտահայտության միանշանակ նվաստացնում, նսեմացնում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, հետևապես որևէ անձի մասով նման պնդում կատարելով, այսինքն՝ տվյալ անձին ներկայացնելով որպես մի մարդու, որը որևէ գործողության կատարման ակնկալիքով կաշառք է տվել կամ կաշառել է, նշանակում է տվյալ անձին առնվազն անարդարացի վարքագծի դրսևորման մեջ մեղադրել։
Բացի այդ, այդ արտահայտությունները պարունակում են հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ, մասնավորապես` դրանք իրենց մեջ պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, այն է՝ չխոսելու դիմաց հայցվորին կաշառք տալու մասին։
Նման պայմաններում Դատարանը եզրահանգել է, որ «Իմ բերանը փակելու համար պոդկուպ են արել ինձ» բառերը ունեն արատավորող բնույթ և արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը, քանի որ Խաչատուր Մելիքսեթյանը հանդիսանում է ոչ միայն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, այլ նաև 2018թ․-ին ստացել է երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 35 գիտական հրատարակումների հեղինակ է և միջազգային երկու կազմակերպությունների փորձագետ։
Միաժամանակ Դատարավարության ընթացքում պատասխանողն ընդունել է, որ հայցվորի կողմից իրեն կաշառք՝ «պոդկուպ» տալուն ուղղված գործողություններ չեն կատարվել։
Դատարանը գնահատել է տվյալ իրավիճակը որպես զրպարտություն և պարտավորեցրել Արշակ Մաթևոսյանին զրպարտության համար փոխհատուցում վճարել»։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/02/480528080_1040435648110566_891897840276372574_n.jpg)