Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստանը կհերքի Ադրբեջանի չհիմնավորված պահանջները, այդ թվում ՝ փոխհատուցման մասին անհեթեթ պահանջը 1979 թվականի Բեռնի կոնվենցիային համապատասխան արբիտրաժային վարույթում»- գրել է Կիրակոսյանը։

Հայաստանի Հանրապետությունը 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։

Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։

Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:

Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել