Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է․ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը, հայտնում են ընկերությունից։

««ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։

Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:

Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել