Ե․ Ս․-ն 2024 թ. հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր և կնոջ՝ Ա․ Ս․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի՝ դանակների գործադրմամբ, դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ալիսա Սարգսյանի որովայնի շրջանին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ա․ Ս․-ն ամունու կողմից մեկ անգամ չէ, որ ծեծի է ենթարկվել։ Մասնավորապես՝ 2023 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ե․ Ս․-ն տքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: Նմանօրինակ գործողություն կատարել է նաև 2024 թվականի հունվարի 6-ին ժամը 11:30-ի սահմաններում։
Նա կնոջը անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության փորձի։ Կինը ամուսնու կողմից իր նկատմամբ դրսևորած վերը նշված դաժան վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցից վերցրած դանակով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակի շրջանին, իրեն պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ։
Գործը դատարան է ստացվել հունվարի 17-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանին։
Ե․Ս-ին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքների կատարում, որոնք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նշվում է, որ նա նախկինում դատվածություն է ունեցել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
166 հոդված մաս 2 կետ 6,7
Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
195 հոդված մաս 2 կետ 6
Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
162 հոդված մաս 2 կետ 3
Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: