Համայնքներում երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի եկամուտների հայտարարագիր լրացրած ծնողի վճարած եկամտահարկից: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կտա համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիներին:
«Օրինակ՝ ի՞նչ կտա քաղաքացուն, այն քաղաքացուն, որը վճարել է եկամտահարկ և ապրում է մարզում: Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 հազար դրամ:
Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 հազար դրամ և համընդհանուր հայտարարագիր լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կան նաև ավելի բարձր վարձով մանկապարտեզներ, որտեղ տարեկան վճարը 300 հազար դրամ է կազմում, սակայն քաղաքացին 100 հազար դրամը հետ կստանա, եթե եկամտային հարկ է վճարել: