Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ փաստորեն ներքին արտադրողի և ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր։ Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավելել է. «Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետև այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ։ Ըստ էության ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։ Այս ընթացակարգով կուժեղանա նաև հսկողությունը, այդ թվում նաև սննդի անվտանգության տեսակետից։ Միաժամանակ սա համապատասխանում է նաև մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական և օտարերկրյա ընկերությունների համար»։
Հայաստանը մասնակցելու է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին
«Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը» ցուցահանդեսին մասնակցելու` 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։ «Կորեայում, ինչպես և Շանհայ-էքսպոյում, մենք դրական արձագանքներ ենք ունեցել, և մեր հանրությունը պետք է համապատասխան տեղեկություն ստանա», – ասել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համագործակցության առարկան ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացման ծրագրի իրականացումն է։ Նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար։ Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կնքվելու են միջազգային պայմանագրեր։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալայզիայի, Ճապոնիայի, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Ավստրիալիայի կառավարությունների միջև համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ` կառավարությունն Աֆրիկյան մայրցամաքի ևս 40 պետություն մտցրել է այն պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա։ Որոշումը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Նվազում է հարկումից խուսափելու հնարավորությունը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք բխում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից։ Մասնավորապես, օրենքում ամրագրվել է, որ հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնել կառավարման ծառայությունների գծով կատարվող ծախսերի` ՀՀ կառավարության կողմից սահմանվող չափը չգերազանցող մասը։ Որոշումը, որը համապատասխանում է ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ուղղված է հարկումից խուսափելու հնարավորության սահմանափակմանը։
Կառավարությունը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը և գնման ընթացակարգը սահմանել բնածին անկանխատեսելի երևույթների հետևանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով այդ գործընթացի կազմակերպման համար։ Հորդառատ անձրևների, փլուզումների, սողանքների և այլ երևույթների հետևանքով ճանապարհահատվածների վերականգնման (հիմնանորոգման), նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանք կիրականացվի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհներին։
Նույն ընթացակարգով վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, գործադիրը ՀՀ առողջապահության նախարարությանը 93 մլն 400 հազար դրամ է հատկացրել «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում բուժօգնության որակի բարելավմանն ուղղված կլինիկական ու բժշկատնտեսագիտական չափորոշիչների մշակման, ոլորտի նորմատիվային բազայի բարելավմանն ուղղված աշխատանքի իրականացման, 180 մլն դրամ` «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների հիմնանորոգման նպատակով։
Գործադիրը փոփոխել է նախկինում ընդունած իր որոշումներից մեկը, որով սահմանվել են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները։ Որոշման փոփոխությամբ փրկարար ծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում պարտադիր պետական ապահովագրության չափը սահմանվել է 455 հազար դրամ։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2011 թ. հաշվետվությունը», որի համաձայն հաշվետու տարում կատարվել է 2007-2009 թթ. ընթացքում միայն տարեկան վնասի ցուցանիշներ արձանագրած 110 ընկերության ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության, վիճակի բարելավման ուղղությամբ առողջացման ծրագիր կազմելու կամ լուծարման ներկայացնելու աշխատանք։
Իր նիստում կառավարությունը համաձայնել է, որպեսզի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Թբիլիսյան խճուղու N5 հասցեում գտնվող հանրակացարանի երկու սենյակը սեփականության իրավունքով հատկացվի 1988-1992 թթ. Ադրբեջանից գաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Ալլա Իսրայելյանին։
Սահմանվել է պետական աջակցության ցուցաբերման կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների պետական աջակցության տրամադրման կարգը, որով սահմանվել են երկրում գործող մոտ 100 թանգարանի աջակցելու հստակ չափորոշիչները,
– մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությանը և երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացման կարգը և ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները,
– նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ՀՀ քաղաքացու` մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և ՀՀ քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիների պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները,
– ՀՀ լանդշաֆտի մրցանակի արձանիկի էսքիզի և դիպլոմի նկարագրությունը. մրցանակը պետք է խրախուսի հասարակության մասնակցությունը լանդշաֆտի քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման գործում,
– արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը, հավանություն տվել ՀՀ ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թթ. ծրագրին և առաջնահերթ միջոցառումների ցանկին։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը փոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարարության համար։
Կառավարության որոշմամբ Երևանի «Մեդիսար», «Յունիքիմ» և «Թագ Հեմ», Արարատի մարզի Զորակ գյուղի «Քրաուն քեմիքըլ» ՍՊԸ-ներին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել Քեմբրիջի և Լոնդոնի Քոլեջ համալսարանների, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրայի սաներ Վարդան Վերդյանին, Գոռ Հովակիմյանին, Անդրանիկ Մնացականյանին և Արսեն Մամիկոնյանին։
Կառավարությունն իր նիստում Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է Գեղարքունիքի մարզպետ, հաստատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գայանե Գասպարյանի ընտրության արդյունքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է պաշտոնյաներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին: