Հայաստանը կդառնա Մշտական արբիտրաժային դատարանի անդամ

Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստան կանդամակցի Մշտական արբիտրաժային դատարանին:

«1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:  Կիրակոսյանը նշեց՝ երկու կոնվենցիաները սիմվոլիկ նշանակություն ունեն: Առաջին անգամ միջազգային իրավունքի պատմության մեջ իրավական առումով ձևակերպվեց վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի բովանդակությունը և պետությունների համար հանձնառություն ստեղծվեց՝ վեճերի կարգավորումն իրականացնել բացառապես խաղաղ միջոցներով:

«Կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը նաև դառնում է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ պետություն և դրանով իսկ հնարավորություն է ստանում ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ»,–ասաց Կիրակոսյանը:

Այս պահի դրությամբ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում են 124 երկիր: Եթե Հայաստանը վավերացնի, կդառնա 125-րդ երկիրը: Ըստ Կիրակոսյանի՝ կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը արտաքին քաղաքական առումով կարևոր ուղերձ է ուղարկում՝ վեճերի խաղաղ կարգավորման, խաղաղության հաստատման, նաև ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի արգելքի մասին:ՀՀ մասնակցությամբ Մշտական արբիտրաժային դատարանում այս պահին ընթանում են մի քանի գործերի քննություններ:

Ըստ Կիրակոսյանի՝ դա ևս լրացուցիչ խթան է հանդիսանում Հայաստանի համար՝ մասնակից դառնալու այդ ինստիտուտին: Հանձնաժողովը հավանություն տվեց կոնվենցիաների վավերացմանը: Վավերացման մասին նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել