Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։

Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը. 36-ամյա տղամարդը Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները` Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել