Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով գողացել են իրեն վստահված 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 17-ը:
Քրեական ոստիկանության Արագագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը, Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում` մնացած 10-ը: Պարզվել է, որ իրականում գողություն տեղի չի ունեցել:
Անասնապահը, ում վստահված էր գոմում գտնվող անասունների պահպանությունը, դեկտեմբերի 22-ին մոտ մեկ ժամ բացակայել է` անասուններին թողնելով առանց հսկողության, իսկ երբ վերադարձել ու նկատել է անասունների բացակայությունը` գողության պատրանք ստեղծելու նպատակով կոտրել է գոմի դռան կախովի փականը և տարածքը լուսավորող լամպերը, տեղյակ պահել գոմի տիրոջը և անասնատերերին, հետո ոստիկանությունում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հաղորդում: Թալինի քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: