ԱՄՆ գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա. Վեդանտ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին և այդ գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերին:

Անդրադարձ կատարելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափվա՞ծ չէ արդյոք, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերը դեռևս արդյունք չեն գրանցել՝ Վեդանտ Պատելն ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձում է չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես փորձում է շարունակել այդ աշխատանքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շատ անգամ է նշել, որ ինչ-որ արդյունքի հասնելու համար աշխատանքային բարդ օրեր են սպասվում:

«Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,-շեշտել է Վեդանտ Պատելը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել