Սիրելի՛ հայրենակիցներ, Ավան վարչական շրջանի հարգելի՛ գործընկերներ, և սիրելի՛ ավանցիներ, սեփական նախաձեռնությամբ դադարեցրել եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ինձ վերապահված լիազորություններս։ Այս մասին հայտարարություն է տարածել Ջուլիետա Ազարյանը, որն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորական մանդատ է ստացել։
«Վերջին երկու տարվա ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով, նվիրումով, և որ ամենակարևորն է՝ սիրով: Միշտ ականջալուր եմ եղել քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, շատ հաճախ էլ ինքս եմ խնդիրներ նկատել ու գտել լուծումներ՝ անընդհատ հաշվետու լինելով Ավան վարչական շրջանի բոլոր բնակիչներին:
Կարող եմ շատ երկար թվել կարևոր այն աշխատանքները, որոնք կատարվել են իմ նախաձեռնությամբ կամ իմ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ: Սակայն ես դա չեմ անի, քանի որ վստահ եմ, որ հանրային ծառայողիս արժանիքների մասին պետք է խոսեն իմ գործերը, որոնք հանձնված են Ավան վարչական շրջանի բնակիչների արդարացի դատին:
Այժմ քաղաքական և հասարակական որոշ գործընթացների արդյունքում այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի՝ ինձ տրված լիզորությունները։ Սա, նախ և առաջ, մեծ պատիվ է, որին անհրաժեշտաբար հաջորդում է մեծագույն պատասխանատվություն: Երկրորդ՝ մարտահրավեր և հնարավորություն է՝ Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների երազանքներից գոնե մի փոքր մասն իրականություն դարձնելու:
Ինձ առաջադրված այս ու այլ պարտավորություններ ստանձնում եմ՝ անընդհատ աշխատելու, ճշմարտությունն անվերապահ արտահայտելու և արդարություն իրացնելու հաստատ որոշմամբ: Եվ կրկին ու նորից՝ սիրով, մե՛ծ սիրով»,-գրել է նա:
Լուսանկարը՝ Ջուլիետա Ազարյանի ֆեյսբուքյան էջից։