Դատարանը անօրինական է համարել վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշումը:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,- հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Փորձագետի եզրակացության համաձայն, վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը։
Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։